Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հրազդանի ջէկ-ն ու ՀԷՑ-ը նոր սեփականատեր ունեն

Հրազդանի ջէկ-ն ու ՀԷՑ-ը նոր սեփականատեր ունեն
09.10.2015 | 02:24

Ռազմավարական նշանակություն ունեցող էլեկտրաէներգիայի ոլորտը աստիճանաբար ոչ ուղղակի ձևով «վերադարձվում է» Հայաստանին։ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը մտադիր է վաճառել «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» (Հրազդանի ջէկ) ընկերության բաժնետոմսերի 100 %-ը։ Եվ քանի որ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության նոր սեփականատերը «Լիորմանդ Հոլդինգ Լիմիտեդ» օֆշորային ընկերությունն է, ապա միամտություն կլիներ կարծել, թե Հրազդանի ջէկ-ի բաժնետոմսերը ձեռք կբերի մեկ այլ ընկերություն։
Սա տրամաբանական է, քանի որ էներգետիկայի ոլորտը մեկ միասնական համակարգ է, հետևաբար նոր սեփականատերը շահագրգռված պետք է լինի հնարավորինս ընդգրկուն դարձնել համակարգը։ Այս դեպքում, բնականաբար, կհեշտացվի ոչ միայն կառավարման գործընթացը, այլև ներդրումների արդյունավետությունն ավելի բարձր կլինի և վերահսկելի։
Եվ այսպես, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ինչպես և սպասվում էր, հավանություն տվեց Հրազդանի ջէկ-ի բաժնետոմսերի վաճառքին։ Հիշեցնենք, որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունն այս տարվա սեպտեմբերի վերջերին դիմել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ջէկ-ի վաճառքի հարցով։
Այն, որ էներգետիկայի ոլորտը գերակա ռազմավարական ոլորտ է ցանկացած պետությունում, նորություն չէ, նորություն չէ և այն, որ գերհզոր պետություններում այդ ոլորտն ամբողջությամբ մասնավորի ձեռքում չէ, առավել ևս այլ պետության չի պատկանում։ Այլ կերպ ասած, ոլորտը պետք է ունենա պարտադիր պետական բաժնեմաս։ Սակայն, եթե նկատենք, որ ՀՀ էներգետիկայի ոլորտը գրեթե ամբողջությամբ պատկանում էր այլ պետության, ապա «Լիորմանդ Հոլդինգ Լիմիտեդ» ընկերության դեպքում խնդիրը մի փոքր փոխվում է, քանի որ այս ընկերության սեփականատերը անհատ է, ոչ թե այլ պետություն, որը կարող է իր շահերին համապատասխան որոշումներ կայացնել Հայաստանում։ Ինչ խոսք, եթե այս տեսանկյունից գործարքը դիտարկենք, ապա դրական կողմեր կարող ենք գտնել։ Այս ամենի հետ մեկտեղ չենք կարող համաձայնել այն տնտեսագետների հետ, ովքեր էս գլխից համոզված են, որ նշված գործարքի արդյունքում 2016-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի։ Նման տեսակետը կամ խիստ լավատեսական է, կամ էլ լավամարդ երևալու ձգտումով է պայմանավորված։
Ինչպես ասում են, մենք մերոնցով ենք՝ եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք։ Գաղտնիք չէ, որ երբ Հայաստանում որևէ ապրանքի գին բարձրանում է, այլևս չի իջնում։ Ճիշտ է, սա հակասում է տնտեսագիտությանը, սակայն ունենք այն, ինչ ունենք։ Օրինակ, աշխարհում վառելիքի գները բարձրանում-իջնում են, իսկ Հայաստանում գնի բարձրացումից հետո այլևս նվազում չի լինում, թեև միջազգային շուկայում գինն իջնում է։ Իհարկե, լավ կլինի, որ հայկական այս օրինաչափությամբ վարակված չլինի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիտեդի» նոր սեփականատերը, բայց, ինչպես ասում են, կանխատեսումն անշնորհակալ գործ է։
Ամեն դեպքում նկատենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցմանը սպասում է Հայաստանի ողջ ժողովուրդը։ Եվ մինչ ժամանակը ցույց կտա, թե ինչ քաղաքականություն կորդեգրի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիտեդ» ընկերությունը, այս պահին կա հարցի ոչ պակաս հետաքրքիր մյուս կողմը՝ ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց հրաժարվել Հայաստանի էներգետիկ համակարգից։ Գուցե ՌԴ-ի սրտով չէ՞, որ Որոտանի հէկ-ը օտարվեց ԱՄՆ-ին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1289

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ